ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում իրականացվել է պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության ուսումնասիրություն և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են շուրջ 210 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ: Մասնավորապես, 2016-2019 թթ. ընթացքում համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։
Եղեգնաձորի ԲԿՏ ԲԲԸ-ի կողմից ավել կատարողական ակտեր են ներկայացվել միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների սպասարկման մասով՝ 14801 ք.մ:
2016-2017 թթ. ընթացքում համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրվել են օգնության գումարներ՝ խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները. միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Օրենքով այլ նպատակով նախատեսված, սակայն համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրված գումարը ենթակա է վերադարձման համայնքապետարանի բյուջե:
Համայնքապետարանը, չունենալով նշագծման աշխատանքներ պատվիրելու իրավասություն, պատվիրել և վճարել է գծանշման աշխատանքների համար:
Եղեգնաձորի ԲԿՏ ԲԲԸ-ի կողմից 2016-2017 թթ. ընթացքում ամսական (փետրվար ամսից մինչև նոյեմբեր ամիսը ներառյալ) ներկայացված կատարողական ակտերում առկա ծառայության միավորի գների համադրությամբ պարզվել է, որ յուրաքանչյուր ամիս տարբեր գին է սահմանվել սանիտարական մաքրման ծառայության համար, որի արդյունքում ընկերությանն ավել գումար է վճարվել:
Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել են աշխատավարձեր։
Առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ համայնքապետարանի կարիքների համար նախատեսված ապրանքների մատակարարման համար իրականացվել է վճարում:
2016-2018 թթ. Եղեգնաձորի ծննդատանը մարտի 8-ից ապրիլի 7-ը ծնված երեխաներին օգնություն հատկացնելու նպատակով վճարված գումարի մի մասը որևէ փաստաթղթով չի հիմնավորվում:
Համայնքապետարանի և «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի միջև 03.02.2016 թ. կնքվել է պայմանագիր, սակայն կատարողի կողմից ներկայացվել են պայմանագրային գնից ավելի մեծ գումարի չափով մատուցված ծառայություններ, որոնք էլ համայնքապետարանի կողմից ամբողջությամբ ֆինանսավորվել են:
Համայնքապետարանի կողմից 2016-2019 թթ. ընթացքում համայնքի բյուջեով նախատեսված շենք-շինությունների կապիտալ վերանորոգումների համար նախատեսված գումարի մի մասը ծախսվել է ընթացիկ վերանորոգումների համար, ինչի արդյունքում ոչ նպատակային են ծախսվել ֆոնդային բյուջեի գումարները:
2016-2019 թթ. իրականացված շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ և թերացումներ։ Մասնավորապես՝ փաստացի պակաս կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալներ, փաստաթղթերով ավել հաշվարկված գումարներ, պայմանագրային գնի թանկացում նախահաշվի նկատմամբ, իսկ իրականացված ասֆալտապատման աշխատանքների մի մասը դիտարկվել է որպես անարդյունավետ ծախս՝ ասֆալտապատման աշխատանքների ոչ պատշաճ որակի ապահովման տեսանկյունից:
Եղեգնաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ հիմնադրամներից մեկի հետ 2018 թ. կնքվել է մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր, և իրականացվել է համապատասխան վճարում, սակայն անպարտաճանաչ կապալառուի պատճառով աշխատանքները դադարեցված են, վերսկսման ժամկետ նախատեսված չէ, ինչի արդյունքում ամիսներ շարունակ համայնքի մոտ 122 երեխաներ մնացել են առանց նախադպրոցական կրթության, իսկ մանկապարտեզների աշխատակիցներին փաստացի չաշխատելու պայմաններում վճարվել է աշխատավարձ:
Համայնքապետարանն իր կարիքների համար 2016-2019 թթ. ընթացքում կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները:
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ Եղեգնաձորի համայնքապետարանից ստացվել է համապատասխան գրություն, որի համաձայն կապալառու կազմակերպությունները պարտավորվել են ողջամիտ ժամկետում պատվիրատուի պահանջով վերացնել առկա բոլոր թերությունները։
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։