Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Վերջին օրերին, հատկապես Ամանորի և Սուրբ Ծննդի տոների հետ կապված, հաճախակիացել են տարբեր կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պարենային և իրային նվիրատվություններ կատարելու վերաբերյալ դիմումները, որոշ դեպքերում նաև համացանցով հայտարարություններ տարածելու դեպքերը:
Այս կապակցությամբ ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ պարենային և իրային բոլոր միջոցներով։ Միևնույն ժամանակ, գնահատելով հայոց բանակին աջակցելու պատրաստակամությունը, պաշտպանության նախարարությունը հորդորում է նվիրատվության համար ձեռք բերված նյութական միջոցները ոչ թե անմիջականորեն փոխանցել զորամասերին, այլ, առանց ավելորդ գովազդի և հրապարակային հայտարարությունների,
հանձնել ԶՈՒ կենտրոնական պահեստներ՝ հաստատված ընթացակարգով և կանոնակարգված կերպով բաշխումն իրականացնելու նպատակով:
Ընդ որում՝ պաշտպանության նախարարությունը հաշվի կառնի նվիրատվությունը կոնկրետ զորամասի տրամադրելու նվիրատուի ցանկությունը, ինչպես նաև լիարժեք հաշվետու կլինի փոխանցված նյութական միջոցները ԶՈՒ զորամասերին տրամադրելու գործընթացի վերաբերյալ»։