Պատրանքներ չկան, թե Ադրբեջանում առաջիկա ընտրությունները կանցնեն ազնիվ ու արդար, թեպետ ընդդիմությունն այս քվեարկության մեջ աննախադեպ հնարավորություն է տեսնում: Նախքան ընտրությունների մեկնարկը ընդդիմադիր ակտիվիստների շրջանում շրջանառվում է Ադրբեջանի համար խիստ արտասովոր արտահայտություն՝ «Այս անգամ ամեն ինչ այլ է լինելու»:
Հետխորհրդային Ադրբեջանի պատմության ընթացքում ընտրությունները մանրակրկիտ ծրագրված են եղել, իսկ ընտրողները նախքան քվեարկությունն արդեն տեղյակ են եղել արդյունքների մասին: Ադրբեջանի առաջիկա ընտրություններին անդրադարձ է կատարել ամերիկյան Eurasianet պարբերականը: ԵԱՀԿ-ի՝ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների հարցերի բյուրոյի դիտորդական առաքելությունն Ադրբեջանի ընտրությունները երբեք չի դիտարկել որպես միջազգային չափանիշներին համապատասխան: Իշխանության ցանկացած հարթություն ամբողջովին վերահսկում են Իլհամ Ալիևի համակիրները:
Ադրբեջանում մոտալուտ ընտրությունների նախաշեմին որոշ երիտասարդ ադրբեջանցիներ նոր հնարավորություններ են տեսնում: Նրանց կարծիքով՝ եթե նույնիսկ ընտրություններում չհաղթեն, ապա նվազագույնը՝ երկրում հավելյալ պայմաններ կստեղծեն քաղաքական քննարկումների ու քաղաքական գործընթացներին մասնակցելու համար:
Թեպետ պաշտոնական Բաքուն պնդում է, թե անցկացնում է արդար ընտրություններ, այնուամենայնիվ, անկախ ու միջազգային դիտորդները փաստում են համատարած խախտումների, այդ թվում՝ լցոնումների, բազմաթիվ անգամ քվեարկությունների ու այսպես կոչված «կարուսելի» մասին: Eurasianet-ը նշում է, որ հավաքների ու խոսքի ազատությունը սահմանափակ է անկախ թեկնածուների համար, իսկ ընտրական հանձնաժողովը ձևավորվում է այնպես, ինչպես պետք է կառավարությանը:
Ամերիկյան պարբերականը հիշեցնում է, որ Ադրբեջանում խորհրդարանի արտահերթ ընտրությունները նախանշված են փետրվարի 9-ին: Օրենսդիր մարմնի ընտրությունների նախապատրաստման գործընթացը մեկնարկել էր նոյեմբերի վերջին, երբ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը երկրի նախագահ Իլհամ Ալիևին դիմել էր խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու խնդրանքով:
Շատ դիտորդներ համոզված են, որ զգալի փոփոխություն չի լինելու. նրանց կարծիքով՝ ընտրությունները իշխանությունը երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մտերիմներին հանձնելու գործընթացի մաս է:
Թեպետ ընդդիմադիր ակտիվիստները որոշ հույսեր են կապում առաջիկա ընտրություններից հետ, այնուամենայնիվ, պարբերականի հավաստմամբ, որևէ առիթ չկա, թե կառավարությունը մտադիր է թույլ տալ իրական ու անկախ մարդկանց գալ խորհրդարան, հետևաբար դժվար է ակնկալել իրական ու ազնիվ ընտրություններ այս պայմաններում: