Այս տարին կարևորվեց երկկողմանի հարաբերությունների շատ ինտենսիվ զարգացմամբ՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ տարվա ընթացքում մի շարք կարևոր այցեր են կատարվել, Հայաստան են այցելել ՌԴ նախագահն ու վարչապետը, մի շարք նախարարներ:
«Սա փաստում է, որ մենք քննարկելու հարցեր ունենք, մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգանում են: Մեզ միավորում են մի շարք կարևոր ընդհանուր հետաքրքրություններ: Երկու կողմից կա քաղաքական կամք՝ պահելու և բարձրացնելու մեր գործընկերային հարաբերությունները»,- ասել է դեսպանը:
Կոպիրկինը նաև ընդգծել է՝ ՌԴ-ն բարձր է գնահատում ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում:
«Մենք բարձր ենք գնահատում նաև այն փոխհարաբերությունները, որոնք մեր երկրները իրականացնում են միջազգային կառույցներում»,- ասել է դեսպանը՝ նկատելով, որ նման կառույցներում ՌԴ-ի համար կարևոր հարցերի քվեարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը, որի վրա միշտ կարելի է հույս դնել դժվար պահերին: