ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ստացված գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ձեռնարկված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզում գործող՝ ավտոմոբիլային բենզինի (ԱԻ-92 K5) և դիզելային վառելիքի (ԴՎ-Ա K5) մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունում իրականացված չափումների միասնականության վերաբերյալ ստուգման շրջանակներում հարուցված վարչական գործի քննության ընթացքում այդ ընկերության տնօրենը ներկայացրել է ստուգաչափման 2015թ-ից մինչև 2017թ․ուժի մեջ լինելու թվագրմամբ վկայականների պատճեններ։
Մինչդեռ, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ից ստացված տեղեկության համաձայն՝ ընկերությունը նշված ժամանակահատվածում չի ներկայացրել ստուգաչափման հայտ, ուստի այդ ընթացքում չափման միջոցների ստուգաչափում չի իրականացվել: Ավելին, ըստ այդ տեղեկատվության՝ ներկայացված վկայականներում, որպես լաբորատորիայի վարիչ նշված անձը, 2014-2018թթ․ եղել է գիտական չափագրության բաժնի գիտաշխատող, իսկ որպես ստուգաչափող նշված անձը, դեռևս 2016 թվականի հունվարին, ազատվել է աշխատանքից: Այսինքն, նշված ժամանակահատվածում վերջինս ստուգաչափում կատարելու լիազորություն չի ունեցել։ Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա վառելիքաբաշխիչ աշտարակները ստուգաչափված չեն եղել, և ընկերության կողմից ծառայությունները մատուցվել են չստուգաչափված չափման միջոցներով, սակայն, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ընկերության տնօրենի կողմից ներկայացվել են ստուգաչափման առերևույթ կեղծ վկայականներ։
Ուսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում վերը նշված փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։