Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2019 թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում գումարել է 3 նիստ և կայացրել 7 որոշում: Այս մասին տեղեկացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Այդ վարույթներն են՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ հարուցելու մասին և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Մնացականյանի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից էթիկայի կանոնների խախտման առիթով դիմումի հիման վրա վարույթ հարուցելու մասին:
Հայկ Մարությանի վերաբերյալ դեկտեմբերի 9-ին հրապարակված որոշման մեջ մասնավորապես ասվում է․ 2019 թ. դեկտեմբերի 5-ին armlur.am, yerevantoday.am, antifake.am, tert.am, 168.am, news.am, zham.am և մի շարք այլ ինտերնետային լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժողովուրդ» օրաթերթին, հրապարակել են «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել», «Հայկ Մարությանն ու «Երկուս ու կես»-ը․ քաղաքապետի օրինախախտումը բացահայտված է» և այլ վերնագրերով հոդվածներ՝ մասնավորապես նշելով, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է, և 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն։
Համաձայն Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թ. հունիսի 9-ի ՀՕ-96-Ն ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման վերաբերյալ կարող է վարույթ հարուցել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։
Ուսումնասիրելով լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկատվությունը և օրենսդրական դրույթները՝ հանձնաժողովը համարում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։ Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները և ղեկավարվելով Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, ինչպես նաև 31-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանձնաժողովը որոշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առևերույթ խախտման հիմքով հարուցել վարույթ։ Վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։