Ինչպես են վերականգնվելու Երևանի կանաչ տարածքները 2020 թվականին. բնապահպանական խնդիրներով կզբաղվի նորաստեղծ համայնքային հիմնարկը:
«Մինչև այսօր կանաչապատումը կազմակերպվում էր 12 վարչական շրջաններում գործող ՓԲԸ-ների միջոցով, իսկ առկա բյուջեի 80 տոկոսն ուղղվում էր աշխատավարձերին: Եվ ստացվում էր, որ արդյունքը, որ մենք ուզում էինք ստանալ, տեսանելի չէր»,- նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքի բնապահպանական խնդիրներով, այդ թվում՝ կանաչապատմամբ 2020 թվականից կզբաղվի նորաստեղծ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային հիմնարկը: Քաղաքապետի որոշման նախագծին Երևանի ավագանին հավանություն տվեց:
Մասնագիտական թիմը քաղաքի կանաչ տարածքների խնամքի ու ոռոգման համար կառաջարկի նոր՝ համալիր լուծումներ: Կանաչապատման նախկին ձեռնարկությունների աշխատակիցներն էլ անգործ չեն մնա և կհամալրեն արդեն նոր հիմնարկի աշխատակազմը:
«ՀՈԱԿ-ը կունենա մոտավորապես 750 աշխատակից, ևս 200 հոգի հնարավորություն կունենա սեզոնային աշխատանք ունենալու: Աշխատակիցների աշխատավարձն էլ նախկինի համեմատ մոտ 2.5 անգամ ավելին կլինի, ինչը հնարավորություն կտա ներգրավել որակյալ մասնագետների»,- ասել է Հրաչյա Սարգսյանը:
Համայնքային հիմնարկը կունենա տնկարանային տնտեսություն, անհրաժեշտ տեխնիկատրանսպորտային պարկ:
Կանաչապատման ցանկացած ծրագրի հաջողությունը կախված է ոռոգումից: Այդ նպատակով քաղաքապետարանը մտադիր է օգտագործել մետրոպոլիտենի գրունտային ջրերը, խորքային հորերն ու չգործող պոմպակայանները:
«Արդեն ունենք ոռոգման ցանցի քարտեզագրումը էլեկտրոնային տարբերակով: Բացի այդ, ունենք տարբեր խորքային հորեր, որոնք ժամանակին պետական գույքի կոմիտեն դրանք վաճառել է: Հիմա ձեռնարկել ենք դրանք կրկին համայնքապատկան դարձնելու գործընթաց»,- ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալը:
2020-ին արդեն տեսանելի կլինեն նոր մոտեցումները: Ոռոգման ցանցերն անցկացնելուց հետո կսկսվեն տարածքների վերականգնման աշխատանքները: Սարալանջի 10 հա տարածքի նախագիծը պատրաստ է: 2020-ին կկանաչապատվի նաև Աշտարակ-Դավթաշեն ճանապարհահատվածի հարակից շուրջ 4,5 հեկտարը: Կվերականգնվեն նաև Աբովյանի և Սարյանի պուրակները:
«Կամայական կանաչապատում Երևանում այլևս չի լինելու: Բոլոր աշխատանքներն ու լուծումները կլինեն միասնական մոտեցմամբ: Քաղաքի միամյա ծաղիկների մեծ մասը կփոխարինենք բազմամյայով: Կունենանք նաև ուղղաձիգ կանաչապատում»,- ասել է բնապահապանության վարչության աշխատակից Գայանե Ներսիսյանը:
Ծիծեռնակաբերդի 8 հա համայնքային հողատարածքում և Արաբկիր զբոսայգում ընթացիկ տարում մեծ ծավալով կոճղաշիվային էտում է արվել: Հաջորդ տարվա ծրագրում ծառերի համալրման խնդիրն է դրված:
Քաղաքի կանաչ գոտիների վերականգնման և քաղաքի զարգացման ծրագրերում են նաև Փարոսի, Սիլիկյան թաղամասի, Նուբարաշենի խճուղու, Ջրաշխարհի աջակողմյան լանջի անտառապաշտպանիչ գոտիները: Կբարեկարգվի և կվերականգնվի նաև Կոմիտասի անվան այգին:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կառույցը կզբաղվի նաև բնապահպանական կարևոր նշանակության այլ հարցերով, մասնավորապես, աղբի տեսակավորմամբ, այդ թվում՝ վտանգավոր թափոնների:
2020-ը Երևանի բնապահպանական խնդիրների լուծման համար կլինի շրջադարձային: Իսկ արդյունքները տեսանելի կլինեն արդեն նոր տասնամյակի առաջին տարիներից: