2019-ի երկրորդ կիսամյակում նախարարության միջին աշխատավարձը կազմել է 378 հազար դրամ, մինչդեռ 2018-ին՝ 263 հազար դրամ: Այդ մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այսպիսով, 2018-ին մեկնարկած և 2019-ին որոշակի առաջնային փուլ հասած օպտիմալացումն արձանագրում է իր կարևոր արդյունքը»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով խոշորացված համայնքների զարգացման ծրագրին՝ Ս.Պապիկյանը նշեց, որ 2019-ին խոշորացված համայնքներին տրամադրվել է 57 միավոր տեխնիկա՝ աղբատար, բեռնատար մեքենաներ, տրակտորներ: Նրա խոսքով՝ խոշորացված համայնքներն այսօր աչքի են ընկնում քաղաքացիների սպասարկման գրասենյակներով, 2019-ին հիմնվել են 6 այդպիսի գրասենյակներ:
Խոսելով համայնքների համաչափ զարգացման մասին՝ Ս.Պապիկյանն ասաց, որ, օրինակ՝ 2019-ին Կառավարությունը Գյումրիում բավականին միջոցներ է ներդրել, 2020-ին այդ միջոցները կրկնապատկելու են: «Մենք Գյումրիում կարողացանք մթնոլորտ փոխել, Գյումրիի համար 2019-ը վերընձյուղման տարի էր: Վստահ եմ, որ Գյումրիում կիրառված փորձն առաջիկա տարիներին կներդնենք նաև Հայաստանի մյուս քաղաքներում»,- նշեց նա:
Նախարարը հայտնեց, որ 2019-ին նորոգվել և հիմնանորոգվել է 360 կմ ճանապարհ, ինչը, ըստ նրա, նախարարության այս տարվա կարևոր ձեռքբերումներից է: Ս.Պապիկյանն ընդգծեց, որ այս ոլորտում, իհարկե, բազմաթիվ խնդիրներ կան, խոսքը, մասնավորապես, ոչ բարեխիղճ կապալառուների մասին է, որոնց նկատմամբ տուգանքներ են կիրառվել:
ՏԿԵ նախարարն ասաց, որ 2020-ին նախատեսվում է նորոգել 502 կմ ճանապարհ, և այդ գործընթացը շարունակական է լինելու: «Մեր Կառավարության նպատակն է Հայաստանի ճանապարհների 70 տոկոսը դարձնել բարվոք, անցանելի և արդիական»,- ասաց Ս.Պապիկյանը: