Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը, որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո դեկտեմբերի 20-ի երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ Սամվել Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով:
Ապա դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին:
Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը, և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Դատախազության հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում Ուզունյանի՝ ՀՀ տարածքը լքելու հանգամանքները պարզելու և բավարար հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասաց Ա.Խաչատրյանը:
Դատախազության ներկայացուցիչը պարզաբանել է, որ Սամվել Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով. մի դեպքում նա ստացել է խոշոր կաշառք՝ հնարավորություն ստեղծելով, որ դատավորները վճիռներ կայացնեն ի օգուտ քաղաքացիների, մյուս դեպքում՝ 2007-ին է կաշառք ստացել առևանգման փաստով հարուցված քրեական գործով: