Երեկոյի սկզբում ներկաներին իր խոսքն է ուղղել Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։ Նա‚ մասնավորապես‚ նշել է‚ որ Չինաստանի վերջին 70 տարիների զարգացման պատմությունը գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը։
«Մենք ստեղծել ենք չինական առանձնահատկությամբ սոցիալիզմ‚ ինչի շնորհիվ մուտք ենք գործել սոցիալական արդիականության նոր ժամանակաշրջան»։
Դեսպան Էրլունն անդրադարձել է հայ-չինական հարաբերությունների զարգացմանը՝ շեշտելով‚ որ 2019 թվականը հայ-չինական հարաբերությունների զարգացման բավականին արդյունավետ տարի էր. մասնավորապես‚ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին‚ ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, արտգործնախարար Վան Ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
Չինաստանը Հայաստանի երկրորդ ամենախոշոր առևտրային գործընկերն է։ Երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է ՀՀ-Չինաստան մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու համաձայնագիր‚ որն ուժի մեջ կմտնի շուտով։
Ըստ դեսպանի՝ 2020 թ. շարունակվելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ‚ որը հիմնված է փոխադարձ հարգանքի‚ հավասարության և փոխշահավետության վրա։
«Մեր աշխատանքի արդյունքները ծառայելու են հօգուտ երկու երկրների և երկու ժողովուրդների»‚- իր խոսքն ամփոփել է դեսպանը։
ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նախարարության անունից շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել չին ժողովրդին ՉԺՀ կազմավորման 70-ամյակի առթիվ։
«Մենք ուրախությամբ ենք հետևում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և չին ժողովրդի նվաճումներին՝ տնտեսական‚ տեխնոլոգիական‚ նորարարական առաջընթացին և մշակութային վերելքին։ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի զարգացումը։ Կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կարևոր բաղադրիչ է մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու համար։ Կրթության ոլորտում Չինաստանի հետ ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունն ունի ընդլայնման մեծ հնարավորություններ»‚- ասել է փոխնախարարը։
Անդրադառնալով հայ-չինական մշակութային կապերին՝ Նարինե Խաչատուրյանը նշել է‚ որ դրանք ունեն դարավոր պատմություն և ամուր հիմքեր. երկու երկրներում հաճախ կազմակերպվում են միջոցառումներ‚ որոնք խթանում են‚ վերահաստատում և ամրապնդում են մեր բարեկամական երկրների մշակութային կապերը և ծանոթացնում հանրությանը մեր երկրների բազմադարյա մշակույթին։
Համերգային երեկոյի ընթացքում հնչել են հայտնի չին կոմպոզիտորների ստեղծագործություններ‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել դաշնակահար Մելոդի Ճաոն և ջութակահար Քսե Հաոմինգը։ Վերջինս կատարել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Քսե Հաոմինգը տեղեկացրել է‚ որ խաչատրյանական կոնցերտն առաջին անգամ չէ‚ որ նվագում է. այն‚ ըստ ջութակահարի‚ ունի ազգային երանգներ‚ հայկական կոլորիտ։ Ջութակահարը նշել է նաև‚ որ Խաչատրյանը բավականին հայտնի ու սիրված կոմպոզիտոր է Չինաստանում։ Համերգը ղեկավարել են դիրիժորներ Յուան Ճաոն և Սերգեյ Սմբատյանը։
|