Իհարկե, այն հարցը, որ պարոն վարչապետը և պարոն նախագահը բարձրացրեցին, մեր ողջ ժողովրդի համար ունի հսկայական նշանակություն՝ սկսած մեր երկու հանրապետությունների և ընդհանրապես մեր ժողովրդի ազգային անվտանգության խնդիրներից: Այդ մասին Երևանում կայացած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Առաջնահերթությունների մասին այստեղ խոսվեցին, ես վերջից սկսեմ, պարոն նախագահ, Դուք էլ կրկնեցիք, և կարծում եմ՝ սա մեզնից յուրաքանչյուրի համար շատ էական է, եթե Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները շատ մեծ կարևորություն ունեն, ապա Արցախի Հանրապետությունում ապագա ընտրությունները, կարող եմ ասել՝ կրկնակի կամ եռակի արժեք ունեն մեր ողջ ժողովրդի համար, որովհետև այդ ընտրությունների թափանցիկ, արդար լինելը հսկայական քաղաքական գործիք է մեր բոլորի համար:
Եվ, իհարկե, քաջալերում եմ նաև, որպեսզի այսպիսի համատեղ նիստերը հաճախ տեղի ունենան և գուցե ավելի ընդլայնված կազմով, պարոն վարչապետ, որովհետև մեր ազգային անվտանգության խնդիրները չեն սկսվում և չեն ավարտվում, իհարկե, ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ նաև արցախյան հիմնահարցի լուծման շրջանակում:
Դրանք շատ ավելի լայն են, Դուք ինքներդ նշեցիք, և, ասենք՝ մթերքների անվտանգության խնդիրը, կիբեռանվտանգության, նոր տեխնոլոգիաների, երկրի տնտեսական զարգացման հետ կապված խնդիրները: Ողջունում եմ ձեզ բոլորիդ, հաջողություններ եմ մաղթում ձեր այսօրվա և ընդհանրապես առօրյա աշխատանքում: Արցախին էլ մաղթում եմ արդար, թափանցիկ ընտրություններ, որոնք օրինակ կծառայեն բոլորի համար՝ նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարեկամներն են, և նաև նույնիսկ նրանց համար, որոնք մեր երկու հանրապետությունների բարեկամները չեն»: