Շվեյցարական Schweizer Monat («Շվեյցարական ամիս») ամսագրի խմբագրությունը նամակ է ստացել Բեռնում Ադրբեջանի դեսպանից, որում նշվում է, որ պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբի Գրոբը և երեք աշխատակից Ադրբեջանում կհայտարարվեն անցանկալի անձ՝ պերսոնա նոն գրատա:
Դեսպանը նաև տեղեկացրել է գլխավոր խմբագրին, որ նրանց դեմ կհարուցվի քրեական գործ՝ առանց Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։
Schweizer Monat-ի սեպտեմբերյան համարը նվիրված էր Արցախի Հանրապետությանը։ Ամսագրի այդ համարում 34 էջով հրապարակվել է ավելի քան տասը հոդված Արցախի մասին, տպագրվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հարցազրույցը։ Շվեյցարացի լրագրողները նկարագրել են հանրապետության քաղաքական և տնտեսական վիճակը, ինչպես նաև եղել են շփման գծում։
Ուղևորությունը կազմակերպվել և ֆինանսավորվել էր Հարավային Կովկասի Շվեյցարական հիմնադրամի կողմից։