ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ ԱԺ պատգամավորների, փաստաբանների, վարորդների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել վարորդական բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթում առկա «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ քննարկում։
Արմեն Խաչատրյանի հավաստմամբ՝ թեև օրենքն ուժի մեջ է մտնելու 2020-ի հունվարի մեկից, սակայն վարորդներն արդեն ներկայացրել են մի շարք մտահոգություններ։ Հիմնական դժգոհությունը վերադասության կարգով բողոքարկելիս 4 հազար դրամ պետական տուրքի պարտադիր պահանջի դեմ է։ Ըստ այդմ՝ վերաքննիչ դատարան դիմելիս տուրքի չափը 10 հազար դրամ է, Վճռաբեկ դատարան՝ 20 հազար։ Պատգամավորը հրապարակել է վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ միայն այս տարվա ընթացքում ՃՏՊ-ների հետևանքով գրանցվել է 330 զոհ։ «Մենք իրավունք չունենք հաշտվել այս թվերի հետ և ամեն ինչ պետք է անել բարձրացնելու համար անվտանգ երթևեկության մակարդակը»,- նշել է նա։
Արմեն Խաչատրյանը երեք հիմնական գործոն է առանձնացրել. ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ, պարեկային ծառայության ներդրում և բնագավառի օրենսդրության եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցում։ Կարևոր են համարվել նաև հասարակական տրանսպորտի ժամանակակից մեքենաներով համալրումը, ոլորտի հիմնովին բարեփոխումը։
ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հայկ Վարդանյանը տեղեկացրել է, որ պարտադիր պետական տուրքի պահանջը սահմանված է Վարչական դատավարության մասին օրենսգրքով։ Ըստ նրա՝ հայցվորը օրենքով սահմանված կարգով կարող է հետ ստանալ տուրքի գումարը՝ տվյալ գործի դրական արդյունքի դեպքում։ Նա նաև նշել է, որ տուրքի չեղարկումը կհանգեցնի վարչական դատարանների ծանրաբեռնվածության ավելացման։
Այս տեսակետն անընդունելի է համարել պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ նշելով, որ դա պետության խնդիրն է։ Պատգամավորը կարևոր է համարել ճանապարհային ոստիկանության նպատակաուղղված և արդյունավետ գործունեությունը։
Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է որոշակի պարզաբանումներ՝ վերադասության կարգով բողոքարկումների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ դրանց արդյունավետության բարձրացումը կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը։
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հավաստմամբ՝ պատժի խստացումը չի բերում անվտանգության ապահովման բարձրացմանը։ Մշտական հանձնաժողովի նախագահը կողմ է արտահայտվել դպրոցներում ճանապարհային անվտանգ երթևեկության վերաբերյալ առարկայի ներդրմանը։
ՀԿ-ների ներկայացուցիչները դեմ են պարտադիր պետական տուրքերի մուծմանը՝ փաստելով, որ դրանք բարձր են։ Նրանք առաջարկել են չեղարկել դրույթը, իսկ օրենքն ուղարկել Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու համար:
Արմեն Խաչատրյանը նշել է, որ հարցը կքննարկեն գործընկերների հետ և որոշման մասին կտեղեկացնեն։