2019 թվականի վերջին վեց ամիսներին դադարեցվել է ընդերքօգտագործման 21 իրավունք: Այդ մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց, որ 2019-ին գրավոր զգուշացում է տրվել մոտ 204 կազմակերպության, արդյունքում պետբյուջե է վճարվել մոտ 501 մլն դրամ ապառք:
«Խոսքը տարիներով կուտակված ապառքների մասին է: 31 կազմակերպության նկատմամբ չվճարելու և այլ պատճառներով սահմանված կարգով ընթանում են իրավունքների կասեցման վարույթներ: Ես չեմ ուզում ընկալումն այնպիսին լինի, թե ՀՀ Կառավարությունը պայքարում է ընդերքօգտագործողների դեմ, բայց Հայաստանում ընդերքօգտագործումը լինելու է բնապահպանության բարձր չափանիշների ներքո»,- ընդգծեց Ս.Պապիկյանը:
Միաժամանակ նախարարը տեղեկացրեց, որ ընդերքօգտագործողները մեծ հարկատուների ցանկում առաջիններից են: