Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի տիկինը՝ Աննա Մաչավարիանին, չի հավատում հետաքննության այն վարկածին, թե իր որդուն միայն մի հոգի է դանակահարել:
Հիշեցնենք, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Ցոտնե Գամսախուրդիայի դանակահարության գործով նախօրեին հաղորդել էր մեկ անձի կալանավորման մասին՝ կանխամտածված սպանության փորձ կատարելու մեղադրանքով, և չորս այլ անձանց կալանավորման վերաբերյալ, որոնց առաջադրվել էր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու մեղադրանքը:
Հետաքննության համաձայն՝ հարձակման առիթը վիճաբանությունն է եղել, որն սկսվել է այն բանից հետո, երբ Վրաստանի առաջին նախագահի որդին, իբր, վիրավորել է սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվողին:
«Ես կտրականապես համաձայն չեմ այս վարկածի հետ: Իհարկե, ես շատ գոհ եմ, որ հանցագործը ձերբակալվեց այդքան արագ, բայց ես համաձայն չեմ, որ միայն մի՛ մարդ է հարձակվել է Ցոտնեի վրա, իսկ մյուսները դիտորդ են եղել: Ես գիտեմ Ցոտնեի ֆիզիկական պատրաստվածությունը: Նա ֆիզիկապես ուժեղ մարդ է, որին ես տեսել եմ տարբեր իրավիճակներում և կարող եմ ասել, որ նույնիսկ երկու հոգի չէին կարողանա հաշիվ մաքրել նրա հետ»,- Վրաստանի Հանրային ալիքի հեռուստաեթերում հայտարարել է տիկին Գամսախուրդիան:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահի որդու վիճակը դեռևս խիստ ծանր է. յոթ ժամ տևած վիրահատությունից հետո նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բայց բժիշկների փոխանցմամբ՝ հուսադրող է, որ հավելյալ բարդություններ չեն նկատվում: