Դոնալդ Թրամփի վարչակազմը շատ ուղիղ է Կոնգրեսին հասկացրել, որ վետո կդնի ԱՄՆ բյուջեի վրա, եթե դեմոկրատները չհրաժարվեն Ուկրաինային օգնություն ցույց տալու գաղափարից, ինչն առանձին տողով էր ներառված բյուջեի նախագծում: Արդյունքում, ըստ Washington Post-ի, դեմոկրատները ստիպված են եղել զիջումների գնալ, իսկ Թրամփը ստորագրել է բյուջեն:
Պարբերականի տեղեկացմամբ՝ դեմոկրատները մոտ 250 միլիոն դոլարի ռազմական օգնություն էին ցանկանում 45 օրվա ընթացքում հատկացնել Ուկրաինայի պաշտպանության համար: Բայց քանի որ հենց Ուկրաինայի հետ կապված խնդիրներն էին հանգեցրել Թրամփին իմփիչմենթի ենթարկելու փորձին (հիշեցնենք Ջո Բայդենի որդու գործը, որի հետ կապված՝ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց պահանջել էր՝ հետաքննություն սկսել - խմբ.), խորամանկություն էին արել և Սպիտակ տան արգելափակումը շրջանցելու նպատակով Կիևի ռազմական օգնությունը ներառել էին ոչ թե Պենտագոնի, այլ ընդհանուր բյուջեում:
Սպիտակ տան իրավական հարցերի բաժնի ղեկավարն ու գլխավոր գանձապետը, սակայն, ամիջապես էին նկատել վերոնշյալը և Կոնգրեսին հասկացրել, որ Ուկրաինայի ֆինանսավորումն այն մի քանի խնդիրներից է, որի շուրջ վարչակազմը պատրաստ չէ զիջումների գնալ:
Ի վերջո, դեմոկրատները համաձայնվել են ու հանել Ուկրաինայի վերաբերյալ դրույթը: Հակառակ դեպքում՝ Սպիտակ տունը կարող էր վետո դնել բյուջեի վրա, ինչը կհանգեցներ շատ ծանր հետևանքների, երկիրը կատարյալ քաոսի մեջ ներքաշելով: