Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկը` Facebook-ը, 418 վրացական էջեր, հաշիվներ ու խմբեր է ջնջել՝ «համակարգված ոչ ճիշտ վարքի պատճառով»: Այս մասին հայտարարել է Ֆեյսբուքի կիբերանվտանգության քաղաքականության ղեկավար Նաթանիել Գլեյհերը:
«Այս էջերը գործում են՝ որպես լրատվական գործակալություններ, բայց վերածվել էին քաղաքական կուսակցությունների, հասարակական գործիչների և քարոզչամիջոցների: Էջի ղեկավարներն ու հաշիվների սեփականատերերն, ընդհանուր առմամբ, տեղադրում էին տեղական նորություններ այնպիսի քաղաքական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք՝ ընտրությունները, կառավարության քաղաքականությունը, բարձրաստիճան պաշտոնյաները, ընդդիմության և տեղական ակտիվիստների քննադատությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Facebook-ի ղեկավարության՝ ջնջված էջերի գործունեությունը կապված է Վրաստանում գործող Panda գովազդային ընկերության և իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հետ:
«Այս հաշիվները հայտնաբերվել են տարածաշրջանում համակարգված վարքագծի կասկածանքով կատարված ներքին հետաքննության ընթացքում: Մեր հետաքննությանը աջակցել են հանրային հաշվետվությունները»,- նշվում է պաշտոնական հայտարարության մեջ: