Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Ողջույնի խոսքում վարչապետն ասաց.
«Վազգեն Սարգսյանի համալսարանը ձևավորվել է այն ժամանակաշրջանում, երբ հայոց բանակը, գտնվելով կազմավորման փուլում, միևնույն ժամանակ տրիումֆ էր ապրում՝ վայելելով իր փառքն Արցախյան ազատամարտում տարած հաղթանակի առիթով: Այս համալսարանը, այս կրթօջախը հիմնված է հայ ժողովրդի ազատագրական պայքարի փառահեղ հաղթանակի վրա, և այս շինությունը պետք է որպես հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության ողնաշար, ամրանա, կառուցվի, և ամուր կանգնի հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պաշտպանության դիրքերում: Ռազմական կրթության ասպեկտը պետք է ընդգծվի ավելի ուժեղ, և ռազմական հաստատությունները պետք է նաև առաջնորդողի դեր խաղան:
Ցանկանում եմ այսօր կուրսանտների ու շրջանավարտների շարքում հատուկ ընդգծել կանանց դերը, ողջունել նրանց ներգրավվածությունը: Այսօր էլ այդ շարքերում տեսնում ենք կին ներկայացուցիչների, և սա միանշանակ ողջունելի է, որովհետև պետք է հնարավորություն ունենանք ռազմարվեստի բնառավառում ներգրավել մեր ժողովրդի ամբողջական պոտենցիալը, դա ուղղենք նաև մեր բանակի մարտունակության բարձրացման գործին:
Մեզ բոլորիս մաղթում եմ նորանոր հաղթանակներ, այնպիսի հաղթանակներ, որոնցով մենք արժանի կլինենք Արցախի հերոսամարտի նահատակներին, Ցեղասպանության նահատակներին...
Կեցցե՛ հայ ժողովրդի ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ հայկակական զինուժը, կեցցե՛ այս համալսարանը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում»,- ասաց վարչապետը շնորհավորական խոսքում: