ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է անհանդուրժող լինել աղբի նկատմամբ: Այս մասին Փաշինյանն ասել է դեկտեմբերի 21-ին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային ծրագրերի քննարկմանը վերաբերող խորհրդակցության ընթացքում։
«Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, ծածկված է աղբով, և աղբի տակ է գտնվում մեր երկիրը: Սա արձանագրում է, որն իր մեջ նորություն չի պարունակում, բայց Հայաստանում իմ շրջագայություններն ինձ հանգեցնում են մի տխուր նախնական եզրակացության, որ մենք, կարծես, աղբի հարևանությամբ հանգիստ, խաղաղ և հաշտ ենք ապրում: Անկեղծ ասած, չեմ կարողանում պատկերացնել այն տեսարանը, երբ ՀՀ քաղաքացիներ կանգնած են ուղղակի զրուցում են, երբեմն, նույնիսկ, խնջույք են կազմակերպում, երբ միջավայրն ամբողջությամբ պատված է աղբով: Աղբի նկատմամբ հանդուրժողականությունն է, որ Հայաստանում հանդուրժում է կոռուպցիան, չարաշահումները, բազմաթիվ ոլորտների աղբերը»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այստեղ կա մակրո-, տեղային և անհատական խնդիր:
«Մակրոխնդիրը աղբի վերամշակման ռազմավարություն ունենալն է և կոնկրետ քայլեր ձեռնարկելը, և մենք այդ քննարկումներն անում ենք: Կա տեղային խնդիր, և իմ տպավորությամբ, ՀՀ քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմիններից բավարար հետևողականությամբ չեն պահանջում, որպեսզի աղբի կառավարման հետ կապված կոնկրետ խնդիրներ լուծվեն: Երևանում մենք վերջերս տեսանք աղբի ճգնաժամը և տեսնում ենք նաև այդ ճգնաժամի հաղթահարումը: Բայց երբ այսօր տեղեկություններ ենք ստանում, որ մի շարք համայնքների ղեկավարներ գյուղապետարաններում կեղծ հաստիքների վրա կեղծ մարդկանց են աշխատանքի ընդունել և միլիոնավոր գումարներ դուրս գրել, և, մյուս կողմից՝ այդ համայնքներն աղբի մեջ են, առաջին միտքը, որ գալիս է, հետևյալն է, որ, եթե քաղաքացիները համայնքային նշանակության խնդիրները ձևակերպեին, այդ գյուղապետները ժամանակ և կարողություն չէին ունենա այդ չարաշահումները թույլ տալու: Եվ կա անհատական մակարդակ՝ ես չեմ տեսնում, որ մեր երկրում աղբի նկատմամբ կռիվ կամ կոնֆլիկտ կա: Եթե մենք անհատական մակարդակում աղբը չհանդուրժենք, տեղային մակարդակում կամ մակրո մակարդակում ինչպես պետք է հանդուրժենք»,- նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ աղբն այսօր առկա է նաև ջրային համակարգում և ջրանցքներում: