ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հարուցված սկանդալային իմփիչմենթի ֆոնին Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն և Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբն ահռելի գումարներ են հավաքագրում՝ հաղորդում է Fox News-ը:
Ինչպես բացատրել է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ռոննա Մըքդենիելը՝ մարդիկ վրդովված են այն փաստից, որ Կոնգրեսը փորձում է «չեղյալ հայտարարել» իրենց ընտրությունը, և այժմ նրանք իրենց խնայողությունները փոխանցում են նախագահական կուսակցությանը: Ըստ Մըքդենիելի՝ միայն նոյեմբերին իրենց հաջողվել է հավաքել շուրջ 20,6 միլիոն դոլար, և սա լավագույն ցուցանիշն է կուսակցության ամբողջ պատմության մեջ:
Ի դեպ, Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Բրեդ Պարսկալն անցած գիշեր Twitter-ի իր միկրոբլոգում հաստատել էր այդ փաստը: «Ֆինանսներ ներգրավելու մասին տվյալները պարզապես զարմանալի են: Միայն այսօր Դոնալդ Թրամփը հավաքել է ավելի քան 5 միլիոն դոլար (և այն դեռ աճում է)»,- գրել էր Պարսկալը:
Ինչո՞վ է այս երևույթը բացատրվում, ինչու՞ է իմփիչմենթը Հանրապետականի և Թրամփի համար փող ձգող մագնիս դարձել՝ ուղիղ եթերում հետաքրքվեց Fox News-ի հաղորդավարը:
«Կարծում եմ, նախագահը շատ լավ ձևակերպեց, երբ ասաց, որ ամերիկացիներն իրենց այնպես են զգում, ասես՝ իրե՛նց է իմփիչմենթ հայտարարվել, ասես՝ նրանց քվեները վերցվել ու չեղյալ են հայտարարվել, ասես՝ Կոնգրեսը փորձում է շրջանցել 2016-ի ընտրությունը: Մարդիկ շատ նախանձախնդիր են այս առումով…ավելին՝ դեմոկրատներից շատերն ընտրապայքարի ժամանակ մարդկանց ասում էին՝ մենք աշխատելու ենք այս նախագահի հետ, մեզ էլ Նենսի Փելոսին դուր չի գալիս՝ որպես խոսնակ, մենք ինքներս կլուծենք մեր հարցերը:
Մենք դեռ այն ժամանակ գիտեինք, որ դա, ամենայն հավականությամբ, սուտ է: Բայց այժմ, իրենց կոնկրետ քվեարկությամբ, նրանք ինքնաբացահայտվեցին: Այժմ այդ կոնգրեսականները պիտի ընտրական տեղամասերու՛մ պատասխան տան իրենց գործողությունների համար:
Թե՛ մեր, թե՛ այլ հարցումների արդյունքում տեսնում ենք, որ նման դեմոկրատները լրջորեն են սասանել իրենց դիրքերը, որովհետև ընտրությունների ընթացքում խոստացել են մի բան, իսկ հետո իրենց պահել են՝ որպես Փելոսիի խամաճիկ: Նրանք անում են այն ամենը, ինչ Փելոսին է իրենց ասում, արհամարհում են սեփական ընտրատարածքներում իրենց իսկ ընտրողների կարծիքը և ժողովրդի կամքը, չե՛ն լսում մարդկանց…նրանք հայտնվեցին այն նույն թակարդում, որտեղ կային՝ Թրամփի ընտրությունից ի վեր»,- ուղիղ եթերում հայտարարել է Ռոննա Մըքդենիելը: