Ամերիկյան պատժամիջոցներն անթույլատրելի են, ո՛չ ոք օգուտ չի քաղի Nord Stream 2-ի շուրջ հակամարտության զարգացումից՝ պնդում է գերմանական Handelsblatt պարբերականը:
Որպես խնդրի լուծում՝ առաջարկվում է հետևյալ ճանապարհը. Գերմանիան պետք է հստակ շարադրի իր դիրքորոշումը և պնդի ԵՄ-ի համար ընդհանուր ռազմավարություն, քանի որ այժմ խնդիրը եվրոպական ընկերությունների պաշտպանությունն է ԱՄՆ կամայականություններից:
Հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է պատասխանել Nord Stream 2-ի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին, Handelsblatt-ն ամրագրում է, որ երկու երկրների միջև ծագած վեճը խնդիրներ կհարուցի նաև մնացած մասնակիցների համար, և հակամարտության զարգացման արդյունքում ոչ թե հաղթողներ չեն լինի, այլ միայն պարտվողներ կմնան:
«Nord Stream 2-ի հարցում ամերիկացիները չափն անցնում են: Նրանց պատժամիջոցներն ուղղված են հիմնականում Ռուսաստանի դեմ, բայց անմիջականորեն ազդում են ամենամոտ դաշնակիցների վրա… Բացի այդ, ամերիկացիները ցանկանում են զրկել եվրոպացիներին՝ իրենց էներգակիրների աղբյուրներն ինքնուրույն որոշելու իրավունքից»:
Ըստ պարբերականի՝ հատկապես ուշագրավ է, որ սենատոր Թեդ Քրուզն է ղեկավարում այս շարժումը և սպառնալիքների տրամադրություն ստեղծում առանձին ընկերությունների համար: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ հանրապետական պատժամիջոցների հիմնական նախաձեռնող Քրուզը սենատորների շրջանում ամերիկյան նավթագազային արդյունաբերությունից ամենամեծ եկամուտն է ստացել: Ավելին՝ ամերիկյան ձեռնարկությունները խիստ հետաքրքրված են Եվրոպային հեղուկ գազ մատակարարելու հարցում և զայրանում են, որ եվրոպացիները նախընտրում են ավելի էժան և որակյալ բնական գազ գնել Ռուսաստանից:
«Հետևաբար, երբ Քրուզը պատժամիջոցների օգտին վկայող փաստարկ է ներկայացնում Պուտինի աշխարհաքաղաքական, ուժային ամբիցիաների ֆինանսավորումը կանխելու իր ցանկության մասին, և այդ ցանկությունն արտահայտվում է Եվրոպային գազ վաճառելում, եվրոպացիները պետք է հասկանան, որ ծաղրվում են»,- գրում է թերթը, անհանգստանալով հիմնականում արտահանման վրա հիմնված գերմանական տնտեսության համար, որը կարող է տուժել, եթե արտասահմանյան պատժամիջոցները դառնան ամերիկյան արտաքին քաղաքականության նոր գործիքը:
Պարբերականն ի սկզբանե չի հավատացել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ստորագրի Կոնգրեսի բանաձևը: Թրամփը սիրում է սադրանքները՝ գրել է Handelsblatt-ը: