«Իռլանդացին»՝ The Irishman ֆիլմը կարող է դառնալ Մարտին Սկորսեզեի վերջին ֆիլմը: Հոլիվուդյան հանրահայտ կինոռեժիսորն ակնկարկել է, որ Ռոբերտ Դե Նիրոյի ու Ալ Պաչինոյի մասնակցությամբ գանգստերների մասին ֆիլմը կարող է դառնալ իր վերջին ռեժիսորական աշխատանքը: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:
Սկորսեզեն հայտնել է, թե հոգնել է, որ կինոթատրոններում ցուցադրվում են միայն բլոքբասթերներ, և որ 77 տարեկանում ինքն այլ գործեր էլ ունի:
«Կինոթատրոնները հեղեղվել են գերհերոսների մասին ֆիլմերով, որտեղ կերպարները միայն թռչում են, իրար են բախվում և պայթում: Դա նորմալ է, եթե ցանկանում եք նման ֆիլմ դիտել: Սակայն այլ ֆիլմերի համար բոլորովին տեղ չկա: Ես չգիտեմ՝ դեռ որքան կարող եմ նկարել: Միգուցե բավակա՞ն է: Եվ այս ֆիլմը կդառնա վերջինը: Ինձ համար կարևոր էր այն ավարտելը»:
Պարզաբանելով իր հայտարարությունը՝ Սկորսեզեն հավելել է. «Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որում կինոթատրոններում ներկայացված են գերհերոսների մասին ֆիլմեր: Մենք ունենք 12 կինոթատրոն, որոնցից 11-ում գերհերոսների մասին կինո է ցուցադրվում: Լավ է, դրանք ձեզ դուր են գալիս, բայց ինչո՞ւ 11 կինոթատրոնում: Դա խենթություն է այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Lady Bird» և «The Souvenir» ֆիլմերը»: