«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, Մարտի 1-ի գործով դատապարտված Սմբատ Այվազյանը արդարացվել և անմեղ է ճանաչվել: Որոշումը կայացրել է Վճռաբեկ դատարանը:
Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009 թթ. ընթացքում կայացված դատավճռի դեմ բողոք էր ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ըստ դատախազության՝ 11 տարի առաջ թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, դատական ակտը խաթարել է արդարադատության բուն էությունը. այն ժամանակ Սմբատ Այվազյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման, իսկ 2009-ի հունիսին համաներմամբ ազատ էր արձակվել: Այվազյանը 2014 թվականին մահացել է: