Պակիստանի հատուկ դատարանը երկրի նախկին նախագահ և վարչապետ Փերվեզ Մուշարաֆի գործով աննախադեպ և համաշխարհային պրակտիկայում զուգահեռը չունեցող վճիռ է կայացրել: Շաբաթվա սկզբում Փերվեզ Մուշարաֆը դատապարտվել էր մահապատժի, սակայն, Հատուկ դատարանն այժմ որոշել է, որ եթե ինչ-ինչ հանգամանքներում մահը վրա հասնի մահապատժից առաջ, նրա մարմինը պիտի կախի մայրաքաղաք Իսլամաբադի հրապարակում՝ խորհրդարանի շենքի առաջ:
Պակիստանցի փաստաբաններն այս որոշումը «հակասահմանադրական և ցնցող» են անվանել՝ փոխանցում է India Today պարբերականը, հիշեցնելով, որ Պակիստանի պատմության մեջ միայն մի անգամ է որոշվել սերիական մարդասպանին հանրային վայրում մահապատժի ենթարկել՝ մարմինը զոհերի մերձավորների առջև հարյուրավոր մասերի բաժանելով, ինչը չեղարկվել է հանրության հուժկու ճնշման ներքո:
Մուշարաֆի փաստաբաններն արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են վճիռը Գերագույն դատարանում և վստահություն են հայտնել, որ կառավարությունը չի առարկի դրան:
Հիշեցնենք, որ Պակիստանի նախկին նախագահ և վարչապետ Փերվեզ Մուշարաֆը մահապատժի է դատապարտվել պետական դավաճանության մեղադրանքով: 2007 թվականին Մուշարաֆը երկրում արտակարգ դրություն մտցրեց, կասեցրեց սահմանադրությունը և ձերբակալեց Գերագույն դատարանի դատավորներին, որպեսզի նրանք հնարավորություն չունենան վճիռ կայացնել իր նախագահության օրինականության վերաբերյալ:
Դեկտեմբերին նախկին նախագահը հիվանդանոցից տարածեց տեսաուղերձ, որում իր դեմ հարուցված քրեական գործն անհիմն որակեց:
Հիշեցնենք նաև, որ 2008-ի օգոստոսին նա հրաժարական էր տվել իմփիչմենթի սպառնալիքների ներքո, իսկ պաշտոնը թողնելուց հետո բնակվում էր ԱՄԷ-ում և Մեծ Բրիտանիայում:
2013-ին վերադարձել էր Պակիստան՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, բայց անմիջապես տնային կալանքի էր ենթարկվել: 2016-ին Մուշարաֆին թույլ տվին բուժվել արտասահմանում, և այդ ժամանակից ի վեր, նա չի վերադարձել հայրենիք:
Այժմ 76-ամյա նախկին նախագահը գտնվում է Դուբայում և պնդում է, որ առողջական բազմաթիվ խնդիրների պատճառով չի կարող վերադառնալ Պակիստան՝ գրում է Gulf News պարբերականը: