Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը սահմանամերձ Խարկով գյուղի միակ բնակչուհուն` 83-ամյա Վահանդուխտ Մելքոնյանին հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը: Խարկովը Անի մայրաքաղաքից բաժանված է ընդամենը մեկ ձորով, այնտեղ մտնելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը: Գյուղն ամբողջապես դատարկվել է, միակ բնակչուհին Վահանդուխտ տատն է, որը սկեսրոջ պատգամը սրբորեն պահպանելով` չի հեռացել գյուղից:
Վարչապետը շնորհակալագիր էր ուղարկել Խարկովի միակ բնակչուհուն՝ բնութագրելով այն այսպես.
«Հայրենի հողին անմնացորդ նվիրումի և անխոնջ և երկարամյա աշխատանքի համար»:
Տիգրան Պետրոսյանն ասել է, որ մյուս տարվանից սպասվում է սահմանային ռեժիմի փոփոխություն: Վահանդուխտ տատիկը հույս է հայտնել, որ գյուղը կվերաբնակեցվի, նորից կշենանա` համապատասխանելով իր նոր անվանը` Նորշենին: