Դեմոկրատները հրաժարվում են Սենատ ուղարկել Սպիտակ տան ղեկավարի դեմ առաջադրված ու հաստատված մեղադրանքի հոդվածները, իսկ առանց դրա սենատորները չեն կարող դատական նիստ սկսել՝ ԱՄՆ նախագահին իշխանությունից հեռացնելու համար: Կոնգրեսում քվեարկությունից անմիջապես հետո, որը հաստատեց Թրամփի դեմ առաջադրված երկու մեղադրանքները, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կրկնեց, որ մտադիր չէ այդ հոդվածները ներկայացնել Սենատ, քանի դեռ սենատորները չեն հաստատել դատավարության կանոնները:
Ինքը՝ Դոնալդ Թրամփը, շարունակում է պահանջել, որ արագ դատավարություն անցկացվի: «Ես ուզում եմ անհապաղ գործընթաց»,- գրել է նա Թվիթերում:
Նախագահի հետ նաև Կոնգրեսի նրա կողմնակիցներն են պահանջում անհապաղ սկսել գործընթացը՝ վստահեցնելով, որ նիստի ժամանակ, որը նման է լինելու դատավարության, Սպիտակ տան ղեկավարը կարդարացվի, ու նրա դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները կճանաչվեն չհիմնավորված:
Ջեյմս Քլայբերնը՝ Կոնգրեսում դեմոկրատական մեծամասնության առաջնորդներից մեկը, ասել է, որ իր կուսակցական ընկերները պատրաստ են այդ փաստաթղթերը պահել այնքան ժամանակ, որքան ցանկանան:
«Դրանք հանձնելը խելագարություն կլինի՝ նախապես իմանալով, որ նրանք դատը իսկական շոուի կվերածեն»,- բացատրել է կոնգրեսականը: