BBC-ն տեղեկացնում է, որ Մոսկվան և Կիևը սկզբունքորեն համաձայնության են եկել ռուսական գազի ԵՄ տարանցման հարցում: Այս մասին հայտարարվեց Բեռլինում տեղի ունեցած բանակցություններից հետո: Ներկա պայմանագրի ժամկետը լրանում է 11 օրից: Նոր հանդիպումը կլինի ուրբաթ Մինսկում:
Տարանցումը երկարաձգելու շուրջ բանակցությունները տևել են գրեթե ութ ժամ: Դրանց հաջողության մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը, որը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազային հակասության միջնորդն է: Նախորդ հանդիպումների ժամանակ, ըստ Շեֆչովիչի, կողմերը լրիվ հակառակ դիրքեր են ընդունել, և բանակցություններում տեղաշարժ չի գրանցվել:
Պայմանագրի երկարացման կամ նորի կնքման համար Մոսկվան պայման է ներկայացրել՝ Ուկրաինան պետք է հրաժարվի Ստոկհոլմի արբիտրաժի հաստատած փոխհատուցումից: Կիևն անընդունելի է համարել այդ պահանջը, բայց և չի բացառել փոխհատուցումը գազով ստանալու տարբերակը:
Եվրահանձնաժողովն ավելի վաղ առաջարկել էր, որ «Գազպրոմը» տարանցիկ պայմանագիրը կնքի 10 տարով՝ տարեկան 60 միլիարդ խորանարդ մետր ծավալով: Այդ մոտեցմանը կողմ էր նաև Զելենսկին: Մոսկվան, սակայն, շահագրգռված է նվազագույն ժամանակահատվածով, քանի որ հաջորդ տարի ակնկալում է գործարկել Nord Stream-2 խողովակաշարը: