Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավաբանական ծառայությունը ներկայացրել է ՀՖՖ արտահերթ ժողովի և ընտրությունների անցկացման ընթացակարգը:
Դեկտեմբերի 23-ին տեղի ունենալիք արտահերթ ժողովը բաղկացած է լինելու 2 մասից: Առաջին հատվածում ներառված են լինելու օրակարգի առաջին 6 հարցերը: Դրանցից մեկը վերաբերում է ներկա գործկոմի կողմից լիազորությունները կասեցված ՀՖՖ անդամներին: Ժողովի այս հատվածին կմասնակցեն ՀՖՖ անդամները՝ բացառությամբ լիազորությունները կասեցված 9 անդամի:
Ժողովի առաջին մասին հրավիրվածի կարգավիճակով կմասնակցեն նաև ՀՖՖ նախագահի թեկնածուները և գործկոմի նախկին կազմը: Այս հատվածում ընդգրկված 6-րդ կետի կատարման ժամանակ անդամները որոշում կկայացնեն լիազորությունները կասեցված անդամների հետագա ճակատագրի վերաբերյալ: Յուրաքանչյուր անդամի լիազորությունների կասեցման հաստատումը կդրվի առանձին քվեարկության:
Այն անդամները, որոնց լիազորությունների կասեցումը չի հաստատվի, կվերականգնեն ՀՖՖ անդամությունից բխող իրենց բոլոր իրավունքները: Այն անդամները, որոնց անդամության կասեցումը կհաստատվի, այդ կասեցումը կմնա ուժի մեջ և կշարունակվի մինչև ՀՖՖ հաջորդ հերթական ժողով, ինչի արդյունքում նրանց անդամությունից բխող բոլոր իրավունքները կշարունակեն մնալ կասեցված:
ՀՖՖ նախագահի ընտրություններում կա 3 թեկնածու՝ ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ներկայիս գործկոմի անդամ, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և նշանավոր ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը: