Հայաստանի կրթության համակարգը հեղափոխությունից առաջ էլ, հիմա էլ ունի լրջագույն խնդիրներ, բայց իրենց արդեն հաջողվել է լուծել կրթական հաստատությունների կուսակցականացվածության ու քաղաքականացվածության հարցը: Այդ մասին ԱԺ-ում կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Դրա լավագույն ապացույցն այն է, որ համապետական ընտրություններին՝ ներառյալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, մենք ունեցել ենք զրո բողոք քաղաքական ներգրավվածության առումով: Մենք չենք ունեցել որևէ դեպք, որում կնշվի, որ իշխանությունը որևէ տեղում կիրառել է վարչական ռեսուրս, մասնավորապես հանրակրթության ոլորտում, էլ չեմ նշում՝ միջին ուսումնական և բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Արայիկ Հարությունյանը դժվարացել է նշել, թե վերջին 1.5 տարում իրենց քաղաքական ուժից քանի հոգի է դարձել տնօրեն հանրապետության 1400 դպրոցում՝ նշելով, որ նրանց թիվը հազիվ երկու-երեք է, և այդ ցուցանիշն, ըստ նրա, ապացույցն է ոլորտի ապաքաղաքականացման:
Նախարարը նաև խոսել է դասագրքերի մասին՝ նշելով, որ դրանք կփոխվեն մինչև 2022 թվականը:
«Որոշ դասագրքերի դեպքում փոփոխություններ հիմա անում ենք, բայց դրանք համակարգային բնույթ չեն կրում, իրավիճակային են: Համակարգային փոփոխությունները կսկսվեն հաջորդ տարի»,- նշել է Հարությունյանը: