Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Նախագահը շնորհավորել է ծառայության անձնակազմին մասնագիտական տոնի, գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել նրանց քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ:
Երկրի ղեկավարը պետական պարգևներ ու արժեքավոր նվերներ է հանձնել ծառայության ընթացքում բարձր արդյունքներ գրանցած մի խումբ աշխատակիցների, գնդապետի կոչում շնորհել ծառայության մեկ աշխատակցի:
Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը՝ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք: