Արարատի մարզում 2019-ին շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, ընթացքի մեջ է 58 սուբվենցիոն ծրագիր, որոնց մեծ մասը տարեվերջին ավարտված կլինեն: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Մենք ներկայացրել էինք 87 հայտ, սակայն ինչ-ինչ պատճառներով մի մասը մերժվել է: Սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են 43 համայնքում, որոնցից 24-ում կատարվել է ընդհանուր 10 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատում, 7 համայնքում` լուսավորության ցանցի կառուցում, 4 համայնքում` ջրագծերի կառուցում և վերակառուցում, 5 համայնքում` ոռոգման ցանցի կառուցում և վերակառուցում, 3 համայնքում` գազաֆիկացում, 7 համայնքում` մանկապարտեզի հիմնանորոգում և նորոգում, 3 համայնքում` մշակույթի տների վերանորոգում և կառուցում, 2 համայնքում` այգու կառուցում, 3 համայնքում` տեխնիկայի ձեռքբերում, հանդիսությունների սրահի կառուցում և սպորտային խաղադաշտի կառուցում»,- ասաց մարզպետը: Նա նշեց, որ որոշ ծրագրեր կտեղափոխվեն 2020 թվական:
Գ.Սարգսյանի խոսքով` 2019 թվականին ունեցել են խնայողություններ, որոնց հաշվին 11 համայնքում վերակառուցվել և կառուցվել է ոռոգման ցանց, 8 համայնքում կատարվել է խմելու ջրագծի կառուցում և վերակառուցում, 1 համայնքում՝ մանկապարտեզի տանիքի վերանորոգում, 2 դպրոցում՝ ջեռուցման համակարգի կառուցում: