ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Nord Stream 2-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող օրենքին, որի դեմ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 18-ին բացահայտ ընդվզեց՝ ելույթ ունենալով Բունդեսթագում՝ գրում է գերմանական Bild պարբերականը:
Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիան դեմ է, այսպես կոչված, արտատարածքային պատժամիջոցներին և չի ընդունում նման պրակտիկա: Նաև հավելել էր, որ նման դեպքերում իրենք միակ ելքը բանակցություններն են տեսնում:
Գերմանական Bild-ի ընկալմամբ՝ կանցլերի հայտարարությունը Դոնալդ Թրամփի համար հստակ մարտահրավեր է նշանակում:
«Սա պատերազմի հստակ ազդ էր՝ Թրամփին ուղղված: Մերկելը չի հանդուրժի, որ Միացյալ Նահանգները շարունակեն ձախողել իր աջակցությունը վայելող նախագիծը»,- գրել է տաբլոիդը՝ ներկայացնելով նաև Կրեմլի տեսակետը հարցի առնչությամբ:
Մոտ 10 միլիարդ եվրո արժեցող այս նախագծի դեմ ուղղված պատժամիջոցները, գերմանական ընկալմամբ, Մոսկվան տեսնում է ոչ թե Եվրոպայի, այլ հենց Վաշինգթոնի էներգետիկ շահերը պաշտպանելու և ԵՄ շուկայում այլ մասնակիցներ ներգրավելու փորձ: Ընդ որում՝ ավելի թանկ հեղուկ գազի մատակարարմամբ:
Մի բան, ինչը չի կարող ընդունելի լինել Գերմանիայի համար, որի ԱԳ ղեկավար Հայկո Մաասն անցած շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում պատժամիջոցների օրինագծի քվեարկությունից հետո անգամ Սենատին կոչ արեց՝ չհաստատել դրանք, որովհետև ամեն ինչից բացի՝ «այն ճնշում է Եվրոպայում ընդունվող ինքնավար որոշումների վրա»:
Հիշեցնելով, որ Գերմանիան և Եվրոպան առայժմ Ռուսաստանից գազ են ստանում Nord Stream-1 գազատարի միջոցով և, առաջին հերթին, Ուկրաինայի տարանցիկ առաքմամբ, տաբլոիդը գրել է, որ գազատարը չի բավարարել Եվրոպայի աճող պահանջարկը, և անհրաժեշտություն է առաջացել Բալթիկ ծովով անցնող երկրորդ գազատարի կառուցման համար, որի ավարտին ընդամենը 300 կմ խողովակների տեղակայում է մնացել: Ու թեպետ պատժամիջոցները, միևնույն է, չեն կարող ազդել նախագծի իրականացման վրա, բայց կհանգեցնեն աշխատանքի ավարտի ձգձգման և անբարեխիղճ մրցակցության իդեալական օրինակ կդառնան՝ Եվրոպային ավելի թանկ ապրանք պարտադրելու առումով, ինչպես նշել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ-ն էլ պնդում է, որ Գերմանիան նոր գազատարի շնորհիվ կմեծացնի Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից, կտուժի նաև Ուկրաինան, որն այս դեպքում տարանցիկ երկիր չի հանդիսանում: Հետևաբար՝ ձեռնարկվում են պատժամիջոցներ, որպեսզի «եվրոպացիներից իսկ պաշտպանեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»՝ գրում է Bild-ը: