Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց առողջապահության ոլորտում երեք ծրագրերով փոխել ֆինանսավորման մեխանիզմը:
Առողջապահության նախարարի խոսքով՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային օգնության և սպասարկման ֆինանսավորումը մինչ օրս իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով: Փաստացի 15 տարի մենք միշտ ունեցել ենք տարվա սկզբին կնքվող պայմանագրեր, որոնց շրջանակներում պետք է բուժհաստատությունները դրա մեջ տեղավորվեին: Սակայն բյուջեում առողջապահության հատվածի աճի շնորհիվ, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերի ներդրման շնորհիվ, որոշում է կայացվել, որ երեք ծրագրերի մասով անցում ենք կատարում ֆինանսավորման նոր մեխանիզմի:
Դրանք են՝ զինծառայողներին, նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքներին բժշկական օգնության ծրագիրը, մանկաբարձական բուժօգնություն ծառայություններ ծրագիրը, սրտի անհետաձգելի վիրահատություններ ծրագիրը, որոնց համար առաջարկվում է դնել բյուջեի չսահմանափակման սկզբունքը: Դա կարելի է պայմանական անվանել հետվճարային համակարգ»,- ասել է Ասրսեն Թորոսյանը, հավելելով՝ եթե սա հաջողի, ամեն տարի ավելի շատ ծառայություններ կանցնեն այս մեխանիզմին: