Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ֆեյսբուքի» իր էջի միջոցով ուղիղ տեսակապի միջոցով անդրադարձել է դստեր մեքենա ձեռք բերելու մասին քննարկումներին: Վարչապետն ընդգծել է, որ ո՛չ վարչապետը, ո՛չ վարչապետի ընտանիքի անդամները չեն կարող հրաժարվել պետական պահպանությունից:
«Օրենքն ասում է, որ պետական պաշտպանության ենթակա անձի պահպանությունն իրականացվում է այդ թվում տրանսպորտային միջոցների կիրառմամբ: Օրինակ՝ այն, որ իմ ընտանիքի անդամներն այսօր որևէ տրանսպորտային միջոցով տեղից տեղ են շարժվում, այդ մեքենան իմ ընտանիքի անդամի համար գնված չէ: Մեքենան գնված է պետական պահպանության ծառայության աշխատողների համար, որոնք իրականացնում են վարչապետի ընտանիքի անդամի անվտանգությունը: Այն մեքենան, որով ես եմ շրջում, իմը չէ, այլ պետական պահպանության ծառայությանն է, որն օգտագործում է վարչապետի անվտանգությունն ապահովելու համար: Ասել, որ իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի համար պետական պահպանության ծառայությունը մեքենա է գնել, աբսուրդ է»,- ընդգծել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ երբ դուստրը՝ Մարիամը, նոր էր վարորդական վկայական ձեռք բերել, շրջում էր 2008 թ. արտադրության «Նիսսան» մակնիշի մեքենայով, իսկ պետական պահպանության մեքենան հետևից գնում էր, և ստացվում էր, որ վարչապետի ընտանիքի անդամը շարասյունով է շրջում Երևան քաղաքում: Այդ էր պատճառը, որ որոշ ժամանակ անց դուստրը դադարեց այն վարել: