Մինչ ԱՄՆ օրենսդիրները վիճում են Ներկայացուցիչների պալատում, նախագահ Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները ցուցանակներով հավաքվել են Կապիտոլիումի բլրի վրա:
Ըստ Five Thirty Eight-ի՝ ամերիկացիները հավասարապես կիսվել են նախագահի իմփիչմենթի հարցով. 47% -ը պաշտպանում է Թրամփի դեմ իմփիչմենթը, մյուս 47%-ը դեմ է դրան:
Իսկ Ներկայացուցիչների տանը շարունակվում են զգայացունց ելույթները: Ընդ որում՝ ակնհայտ կրոնա-քնարական երանգներով:
Դեռ լսումների սկզբում նախագահ Թրամփն ինքը ողջ ազգին խնդրեց՝ աղոթել: Այնուհետ հանրապետական կոնգրեսական Բարրի Լաուդերմիլքը հայտարարեց, թե անգամ Պոնտացի Պիղատոսը Հիսուս Քրիստոսին ավելի շատ իրավունքներ շնորհեց արդարանալու համար, քան դեմոկրատները՝ Դոնալդ Թրամփին:
«Օ՜, Աստված, օրհնիր Ամերիկան և ազատիր մեզ Թրամփից...երբ արևը դարձյալ բարձրանա, մենք ազատված չարիքից՝ կաղոթենք ողջ սրտով»,- ի պատասխան՝ արձագանքում են դեմոկրատները:
«Տեր, ներիր նրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում»,- հայտարարեց մեկ այլ հանրապետական:
Մի խոսքով՝ Ներկայացուցիչների տանն իսկապես դիտարժան գործընթաց է ծավալվել: Ինչպիսի հանգուցալուծմամբ՝ պարզ կլինի, հավանաբար, մեկ ժամ անց, երբ նախագահ Թրամփին պաշտոնից հեռացնելու օրինագիծը, նախնական հայտարարության համաձայն, քվեարկության դրվի: