Այսօր՝ Երևանի ժամանակով 5:15-ին, Ներկայացուցիչների տանը քվեարկության դրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու օրենսդրական նախագիծը:
Քանի որ Թրամփին միանգամից երկու մեղադրանք էր առաջադրված, կազմակերպվեց երկու առանձին քվեարկություն: Առաջին հոդվածին կողմ քվեարկեց 230 կոնգրեսական, դեմ՝ 198-ը: Երկրորդի պարագայում կողմ ձայների թիվը 229 էր, դեմ՝ 198-ը:
Այսպիսով, Դոնալդ Թրամփը դարձավ Միացյալ Նահանգների պատմության մեջ երրորդ նախագահը՝ Էնդրյու Ջոնսոնից (1868թ.) և Բիլ Քլինթոնից (1998թ.) հետո, որը Կոնգրեսի կողմից իմփիչմենթի ենթարկվեց:
Այժմ նրա ճակատագիրը պետք է որոշվի 2020-ի հունվարին՝ Սենատում, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, և անհավանական է, որ դեմոկրատները կարողանան հաջողության հասնել:
Ինքը՝ Թրամփը, իմանալով քվեարկության արդյունքների մասին, Միչիգանում կայացած հավաքի ժամանակ հետևյալը հայտարարեց. «Նրանք ինձ ոչնչում չեն կարող մեղադրել: Իրենց պետք է իմփիչմենթ հայտարարվի: Բոլորի՛ն՝ հատ առ հատ»:
Սպիտակ տունն էլ հայտարարություն տարածեց, որում ասվում է, թե «նախագահ Թրամփը վստահ է, որ Սենատի լսումների ընթացքում լիովին կարդարացվի»: