Այսօր Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում անցկացվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան ամենամյա մեծ մամուլի ասուլիսը 15-րդն է, որի մեկնարկը տրվել է 2001 թվականին: Այս միջոցառումը համարվում է տարվա քաղաքական խոշոր ամփոփիչ իրադարձությունը: Հետևաբար՝ Ռուսաստանի ղեկավարը սկզբում ամփոփում է տարվա ընթացքում կատարած իր աշխատանքի արդյունքները՝ նախքան լրագրողների հարցերին պատասխանելը:
Մամուլի բոլոր ասուլիսների ժամանակ Ռուսաստանի նախագահը նշում է, որ երկրում շատ են խնդիրները, սակայն երկրի ո՛չ ներքին և ո՛չ էլ արտաքին քաղաքականությունն իր ղեկավարման օրոք չի փոխվի: Սովորաբար, նման ասուլիսները տևում են 3-4 ժամ, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը հասցնում է պատասխանել միջինը 70 հարցի:
Այս անգամ ՌԴ նախագահը մամուլի ասուլիսը սկսել է ոչ թե տնտեսությունից, այլ՝ էկոլոգիայից՝ մասնավորապես անդրադառնալով կլիմայական փոփոխություններին ու վնասակար արտանետումների կրճատումներին: