ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Հայկական կարմիր խաչի ընկերությունը հուշագիր են ստորագրել, ըստ որի ընկերությունն իրականացնելու է Գյումրու տուն-ինտերնատի բնակիչների խնամքը:
Ըստ հուշագրի՝ ընկերությունը պարտավորվում է առնվազն 163 մլն դրամի ներդրում իրականացնել՝ ծառայությունների որակի և կացության պայմանների բարելավման համար, ինչպես նաև վերակնքել աշխատանքային պայմանագրերը տուն-ինտերնատի աշխատակիցներից առնվազն 70%-ի հետ:
160 խնամյալների համար բնաիրային ներդրումները կկազմեն շուրջ 8.5 մլն դրամ:
«Ի թիվս 192 պետությունների, որտեղ Կարմիր խաչը գործունեություն է ծավալում, փորձում ենք անել հնարավոր ամեն բան՝ աջակցելու համար այն մարդկանց, ովքեր օգնության, ուշադրության կարիք ունեն:
Շնորհակալ եմ այս վստահության համար: Կարող եմ հավաստիացնել, որ մեր կուտակած տարիների փորձը կներդնենք՝ Գյումրու տուն-ինտերնատում բնակվող մեր հայրերին ու մայրերին արժանապատիվ ծառայություններ մատուցելու համար»,- ասել է ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:
2020-ին Հայկական կարմիր խաչի ընկերությունն առնվազն 87 մլն դրամ կներդնի՝ տուն-ինտերնատի 6 բնակելի հատվածներից 4-ի վերանորոգման և կահավորման համար: Դրանցից մեկը կհարմարեցվի անկողնային խնամքի կարիք ունեցողների համար: 2021-ին ևս 43 մլն դրամ կներդրվի մյուս երկու բնակելի հատվածների վերանորոգման և կահավորման համար: 2022-ին ընկերությունը պատրաստվում է ներդնել շուրջ ևս 16.5 մլն դրամ: