Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ՝ 126 դպրոցի վերաբերյալ կան քրեական գործեր, որոնց տնօրեններն իրենց բարեկամներին բերել են դպրոցներում ձևակերպել այս կամ այն հաստիքի ու պետությունից աշխատավարձ են ստացել առանց գործի գալու: Վարչապետը նաև հայտնել է, որ պետբյուջեի հետ կապված այսօր 250 քրեական գործ կա, որտեղ հասցեագրված գոյություն չունեցող հինգ հարյուրից ավելի մարդ գրանցվել ու աշխատավարձ է ստացել, այս երևույթները մինչև արմատախիլ չարվեն, արդյունք չեն ունենա:
«Քաղաքական ուժեր կան, որ խեղդվելու պրոցեսի մեջ են ու հիմա փրփուրից էլ են ձեռք գցում: Շատ լավ, եթե իրենց պետք է ձեռք մեկնել, որ իրենք չխեղդվեն, ուրեմն իրենք իրենց պետք է այնպես պահեն հանրության հետ, որ դա ավելի չահագնանա, սա շատ կարևոր արձանագրում է»,- նշել է վարչապետը:
Վարչապետը նկատել է, որ ոմանց մոտ տեսակետ կա, թե կարևորը մեջքն է ու ծանոթն է:
«Ասում են՝ պիտի կարանաս խաբես, շուստրիություն անես, շողոքորթես, էդ ա կյանքի ճանապարհը։ Ո՛չ, սիրելի՛ երեխաներ, դա կյանքի ճանապարհ էր, որը ձախողվեց 2018 թվականին, որը ոչնչացավ: Հիմա կյանքի ճանապարհը կրթությունն է, օրինապահությունը, մենք այս ճանապարհը ձեզ համար կառուցելու ենք ու ասֆալտ ենք անելու երթևեկության պատշաճ կանոններով»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը: