Լիբիայի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունն ընդունել է երկրին ռազմական օժանդակություն տրամադրելու Թուրքիայի առաջարկը: Երկու երկրների կառավարության բարձրաստիճան ղեկավարների միջև ստորագրվել է ռազմական ու անվտանգության համագործակցության հուշագիր:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունը հայտնել էր, որ Անկարան պատրաստ է զորախմբեր ուղարկել Լիբիա, եթե Տրիպոլին խնդրի: Սակայն օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ նման խնդրանք դեռևս չի եղել:
Անցյալ ամիս էլ Լիբիայի ու Թուրքիայի միջև ստորագրվել էր ծովային սահմանազատման վերաբերյալ համաձայնագիր, ինչը խիստ վրդովվեցրել էր Հունաստանին: