Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է Հայաստան ներկրված երկու ավտոբուսներին, որոնց մասին տեղեկացրել էինք երեկ:
«Մասնավոր ընկերության ներկրած երկու քաղաքային ավտոբուսները, որոնց լուսանկարները տարածվել են ցանցում, կաշխատեն քաղաքապետարանի հետ համաձայնեցված երթուղիներում: Ընդ որում, դրանք քաղաքին կծառայեն մինչև նոր տրանսպորտային ցանցը ներդրվելը՝ միջանկյալ շրջանում:
Եթե հիշում եք, այս տարվա օգոստոսին քաղաքապետ Մարությանը հանդիպել էր մասնավոր ուղևորափոխադրողների հետ և առաջարկել՝ մինչև նոր երթուղային ցանցի ներդրումը թարմացնել շարժակազմը և շարունակել սպասարկել եղած երթուղիները, ինչպես նաև՝ ձեռք բերել նոր ցանցի պահանջներին համապատասխանող շարժակազմ և մասնակցել երթուղային նոր ցանցի սպասարկմանը (հղումը՝ մեկնաբանութունում):
Այս օգտագործած ավտոբուսների ներկրումը, ըստ էության, այդ առաջարկի արձագանքն է: Սա կարևոր է իմանալ, որովհետև նոր տրանսպորտային ցանցի համար քաղաքի ձեռք բերելիք ավտոբուսների առաջ ընդհանրական պահանջներ են դրվելու, այդ թվում՝ բրենդինգի (գույնի, ձևավորման և այլն)»: