ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, շնորհավորել ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Արցախի անվտանգությունը համարում է առաջնահերթություն, և վերջին մեկուկես տարում ԱԱԾ-ն, ըստ նրա, կատարել է իր առջև դրված խնդիրը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին շրջանում ԱԱԾ-ի հասեցին հնչող քննադատություններին՝ նշելով. «ԱԱԾ գործունեության մի զգալի մասն անտեսանելի է հանրության համար, և անվտանգությունն այն երևույթներից է, որի ներկայությունը սովորաբար չի նկատվում: Երբ անվտանգությունը կա, շնորհակալություն ոչ ոք ոչ ոքի չի ասում, իսկ երբ անվտանգությունը մի փոքր կասկածի տակ է դրվում, բոլորը հանում են իրենց սրերը և հարձակվում այդ անվտանգությունն ապահովող մարմինների ուղղությամբ»:
Նրա խոսքով՝ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ իրավիճակը լարված է, պարբերաբար սրվում է, և անվտանգության մարտահրավերներ են լինելու, սակայն այսօր ՀՀ-ն ամենաանվտանգ երկրների շարքում է: «Հակամարտություն ունեցող, փակ սահման ունեցող երկիրը հայտնվում է աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում: Սրանք բաներ են, որոնք չեն նկատվում, և ես մեր ուշադրությունը հրավիրում եմ այդ կարևորագույն փաստի վրա և շնորհակալություն եմ հայտնում ԱԱԾ-ին և նրա ծառայողներին, նաև մեր երկրի անվտանգությունն ապահովող մյուս կառույցներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: