Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են Հարևանության ներդրումային հարթակի դրամաշնորհային համաձայնագիր՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի իրականացմանն աջակցելու համար։
Այս համաձայնագիրը թույլ կտա Եվրոպական հանձնաժողովին ֆինանսավորել նշված ծրագիրը մինչև 4,25 մլն եվրո ներդրումային դրամաշնորհի չափով։
Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել տարածաշրջանային փոխհաղորդակցությունը Հայաստանի տրանսպորտային ցանցի կատարելագործման‚ մասնավորապես՝ ճանապարհային անվտանգության հետ կապված միջոցառումների ներդրմամբ և համապատասխան մարմինների ու շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանն աջակցելու միջոցով՝ ճանապարհային անվտանգությանն առնչվող միջազգային չափանիշներին հասնելու համար։
Այս ծրագիրը ներառում է հետևյալ գործողությունները՝ ճանապարհային անվտանգության միջոցառումներ Մ-6 միջպետական ճանապարհին, ճանապարհային անվտանգության հետ կապված աշխատանքներ և ենթակառուցվածքների բարելավում Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահման միջպետական ճանապարհի նախանշված 9 վտանգավոր կետերում, Մ-2 Երևան-Արարատ-Կապան-Մեղրի, Մ-4 Երևան-Հրազդան-Սևան-Ազատամուտ, Մ-12 Գորիս և Մ-17 Կապան-Շիկահող-Մեղրի միջպետական ճանապարհների նախանշված 15 վտանգավոր կետերում‚ ինչպես նաև՝ լրացուցիչ բացահայտված այլ վտանգավոր կետերում։
Ծրագիրը ներառում է նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից մինչև 650 000 եվրոյին համարժեք գումարի չափով լրացուցիչ տեխնիկական աջակցության դրամաշնորհ և 200 000 եվրոյին համարժեք բյուջետային հատկացում՝ ԵՄ հաղորդակցության միջոցառումների, մասնավորապես` Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի համատեքստում վարքագծային ազդեցության համար հաղորդակցման (COMBI) ռազմավարության իրականացման համար։