Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվայում մասնակցել է եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային համաժողովին։
Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի կազմակերպած երրորդ միջազգային համաժողովին ներկա են եղել ավելի քան 21 երկրներից օմբուդսմաններ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է խոշտանգումների կանխարգելման ոլորտում աշխատանքի առանձնահատկությունները։
«Կարևոր են կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ անհատական վերաբերմունքը և նրանց վարքագծի ռիսկային գնահատման մեխանիզմի ներդրումը։ Կալանավորված անձինք ու դատապարտյալները պետք է մասնակցություն ունենան իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացում»,- նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
Համաժողովի ընթացքում քննարկվել են եվրասիական տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, մասնավորապես, միգրանտների իրավունքներին, էկելոգիական անվտանգությանը և թվային միջավայրում մարդկանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։