Կառավարության նիստին վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ հեղափոխությունից հետո համարյա զրոյական միջամտություն է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման հարցում:
Վարչապետը նշել է, թե հույս է ունեցել, որ այդ կառույցի մարդիկ կօգտվեն այդ հնարավորությունից, սակայն ոմանց կողմից դա ընկալվել է որպես թուլություն, ընկալվել է որպես հին հնարավորություններ. «Թե ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ասուլիս կանեմ, ցույց կանեմ, բիզնեսի ոլորտ տուր, թե չէ կասեմ, թե ինչ վատ պրոցեսներ են կատարվում, երեխուս գործի ընդունի, թե չէ սենց-նենց»:
Վարչապետը հայտնել է, որ նման հարաբերությունները նոր իշխանության հետ անհնար են. «Քաղաքական առևտրի էջը Հայաստանում փակված է, սա Կառավարություն է, ոչ թե շահերի բորսա, որտեղ առուծախի պրոցես է սկսվում: Առուծախով զբաղվող այն մարդիկ, որոնք շանս են ստացել և չեն հասկացել: Ասում են՝ խոզի գլուխը դնում ես գորգի վրա, գլորվում-ընկնում է ցեխի մեջ, հիմա բոլոր այն խոզի գլուխները, որոնք դրվել են գորգի վրա, հերթով գլորվելու են ցեխը»:
Վարչապետը նշել է, որ տարբեր մարդիկ հայտարարում են, թե իրենց և իրենց ընտանիքի հետ կապված քրեական գործեր չհարուցեն, հակառակ դեպքում՝ ընդդիմադիր կդառնան. «Ջհանդա՛մը թե չեք դառնա, անցած տարի դարձած լինեիք, այս տարի ահագին ժամանակ կլիներ»: