Սպիտակ տունը հերքել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի այն պնդումն, ըստ որի՝ ԱՄՆ-ի իսրայելա-պաղեստինյան կարգավորման ծրագիրը նախատեսում է Իսրայելի, Պաղեստինյան Ինքնավարության ու ՀԱՄԱՍ-ի միջև եռակողմ համաձայնագրի կնքում և անկախ Պաղեստինի պետության ճանաչում:
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան The Times of Israel պարբերականին հայտնել է, որ շրջանառության մեջ դրված լուրերն անլուրջ խոսակցություններ են, որոնք որևէ փաստական հիմք չունեն: Ավելին՝ պաշտոնյան թերահավատ է եղել այն հարցում, որ արաբական հեռուստաալիքի ձեռքում իսկապես ամերիկյան նախագիծն է հայտնվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին լիբանանյան Al Mayadeen TV-ն հաղորդել էր, որ իր ձեռքի տակ է հայտնվել իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի ամերիկյան կարգավորման նախագիծը, որին, այսպես կոչված, «դարի գործարք» անունն էր տրվել:
Հրապարակման համաձայն՝ խաղաղության պլանը նախատեսում է արաբական պետության ստեղծում Հորդանանի արևմտյան ափին և Գազայի հատվածում, որը կկոչվի Նոր Պաղեստին: Ընդ որում, այն հատվածներում, որտեղ հրեական բնակավայրեր կան, կմնան սահմանից այն կողմ, այսինքն՝ կպատկանեն Իսրայելին: Պաղեստինյան նոր պետությունը կունենա իր զինված ոստիկանական ուժերը, սակայն, քանի որ Իսրայելին կվստահվի Պաղեստինի նոր պետությունն արտաքին ագրեսիայից պաշտպանելու առաքելությունը, արաբները ստիպված կլինեն Իսրայելին վճարել անվտանգության ծառայությունների դիմաց: Նշվում էր նաև, որ վճարման չափն, իբր, դեռ պիտի համաձայնեցվի Իսրայելի և արաբական երկրների միջև սպասվող բանակցությունների ընթացքում:
Ինչ վերաբերում է Երուսաղեմին՝ այն կմնա միավորված, բայց կպատկանի միաժամանակ երկու պետություններին: Օրինակ՝ Երուսաղեմի արաբ բնակիչները կունենան ՆՊ քաղաքացիություն, բայց նրանց համար որևէ խնդիր չի հարուցվի իսրայելական իշխանությունների կողմից, իսկ քաղաքի կառավարման և կրթության համար պատասխանատու կլինի Երուսաղեմի քաղաքապետարանը, որին պաղեստինցիները կվճարեն հարկեր այնպես, ինչպես իրենց երկրում կվճարեին, օրինակ, գույքահարկը, հողի, ջրի հարկը և այլն:
Ամենատհաճ դետալը, թերևս, այն է, որ Al Mayadeen-ի պնդմամբ՝ ամերիկյան ծրագրով նախատեսվում է Տաճարի լեռան հսկողությունը Հորդանանից փոխանցել Սաուդյան Արաբիային, բայց դա էլ, իբր, դեռևս քննարկման փուլում է: