Չնայած «թավշյա հեղափոխության մեղրամիսն» ավարտվել է, և Հայաստանի կառավարությունը լծված է առօրյա աշխատանքի, վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու աստիճանը հայ հասարակության շրջանում աննախադեպ է մնում: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին նշել է ԱՄՆ Հանրապետական միջազգային ինստիտուտի Եվրասիայի տարածքի պատասխանատու Սթիվեն Նիքսը: Հանրապետական միջազգային ինստիտուտի կողմից Հայաստանի հանրային կարծիքի հետազոտության համաձայն՝ Փաշինյանին աջակցելու աստիճանը Հայաստանում 76 տոկոս է: «Նախկին խորհրդային տարածքում ցանկացած ղեկավար, ցանկացած առաջնորդ ամեն ինչ կաներ նման բարձր վարկանիշի համար»,- ասվում է հետազոտության մեջ:
Նիքսի խոսքով՝ վարչապետին և կառավարությանը բարձր աջակցությունը Հայաստանի քաղաքացիների շրջանում վարչակազմի գործունեության աջակցության կարևորագույն ցուցանիշն է:
Ըստ փորձագետի՝ իրենց հարցման «առավել կարևոր բացահայտումներից մեկը լավատեսությունն է, որ տիրում է հայ հասարակության շրջանում: Հայաստանցիների 70 տոկոսը լավատես են իրենց երկրի ապագայի նկատմամբ: Մենք հարցումներ ենք անցկացնում հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, և պետք է ասեմ, որ հայերի լավատեսության մակարդակը բոլորից բարձր է. դա ինքնին ցնցող է»:
Միևնույն ժամանակ, քաղաքացիները գիտակցում են, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը՝ կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական և տնտեսական իրական բարեփոխումներ, ժամանակ է պահանջում, նշել է Սթիվեն Նիքսը: «Ըստ մեր ստացած արդյունքների՝ ժողովուրդը պատրաստ է այս կառավարությանը տալու ժամանակ այս խնդիրները կարգավորելու համար»,- նշել է փորձագետը:
Հանրապետական միջազգային ինստիտուտի ներկայացուցչի կարծիքով՝ այն փաստը, որ նախկին իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերի աջակցությունը ցածր մակարդակի վրա է մնում, վկայում է մեկ բանի մասին՝ գործող իշխանություններին հաջողվում է լիարժեք կապ պահպանել հասարակության հետ. «Գործող կառավարությունը շատ արդյունավետ է հաղորդում իր ասելիքը և ծրագրերը քաղաքացիներին, ինչի մասին վկայում են տվյալները: Իսկ ահա նախկին իշխանությունների ուղերձը արձագանք չի գտնում քաղաքացիների շրջանում»: