ԱՄՆ Տեխասի նահանգում 80 տարվա ամուսնական զույգը տոնել է իր «Կաղնե հարսանիքը»՝ միաժամանակ գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հաղորդում է Life-ը, մանրամասնելով, որ Ջոն Հենդերսոնը 106 տարեկան է, իսկ նրա կինը՝ Շառլոտը, 105 տարեկան:
Ջոնն ու Շառլոտը 1934-ին են հանդիպել իրար Տեխասի համալսարանում և 5 տարի անց՝ 1939 թվականին, ամուսնացել: Իսկ ահա 80 տարի անց՝ 2019-ին, գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենատարեց կենդանի զույգը:
Հարսանիքի օրը, ինչպես 80 տարի առաջ, Ջոն Հենդերսոնը տիկնոջ մոտ է ժամանել 1920-ականների մոդելի երկտեղանոց մեքենայով և նրան նվիրել այն նույն ծաղիկներից կազմված փունջը, որ 80 տարի առաջ էր նվիրել: Այնուհետև զույգը մեկնել է նշելու իր տոնը:
Հատկանշական է, որ ծերուկ Ջոնը նաև ԱՄՆ ամենատարեց ֆուտբոլիստն է և առնվազն տարին մեկ անգամ մասնակցում է որևէ ֆուտբոլային խաղի: Ցավոք, զույգի երեխաների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում: Նշվում է միայն, որ 10 տարի առաջ Ջոնն ու Շառլոտը բնակություն են հաստատել ծերանոցում: