Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքը շուտով մանկապարտեզ կունենա: Այսօր տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը: Համայնքում տասնյակ տարիներ մանկապարտեզ չի եղել, փոքրիկները ստիպված հաճախել են Աբովյանում գործող մանկապարտեզներ:
Շուրջ 60 երեխայի համար նախատեսված, ժամանակակից լուծումներով մանկապարտեզը կկառուցվի մոտ 75 միլիոն դրամով՝ պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ նախադպրոցական կրթության հաստատությունների կառուցումն ու վերանորոգումը իրենց հռչակած առաջնահերթությունների մեջ են:
«Մարզում շուրջ 52 սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել այս տարի, սա հերթականն է: Տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկը ես համարում եմ այն 10 մանկապարտեզների կառուցումն ու վերակառուցումը, որ այս տարի ձեռնարկեցինք մեր մարզում: Նախագծով մանկապարտեզի կառուցումը կազմում էր շուրջ 100 մլն դրամ, կառավարությունն այն հաստատեց՝ համայնքի հետ 50/50 համաֆինանսավորմամբ: Մրցույթը շահած ընկերությունը պատրաստակամություն հայտնեց կառուցելու շուրջ 75 մլն դրամով»,- ասաց մարզպետ Պետրոսյանը:
Եթե եղանակային պայմանները թույլ տան, աշխատանքները կշարունակվեն, և մոտ 6 ամսից գյուղը մանկապարտեզ կունենա:
Համայնքի ղեկավար Գևորգ Պողոսյանը նշեց՝ նախատեսվում է, որ առնվազն առաջին տարին Վերին Պտղնիի փոքրիկների համար մանկապարտեզը կգործի անվճար: Քանի որ հարևան համայնքներում էլ մանկապարտեզ չկա, պատրաստ են ընդունել հարևան գյուղերի փոքրիկներին: