ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Փախստականների հարցերով առաջին գլոբալ ֆորումին։
Նախարար Պապիկյանը, կարևորելով միջոցառման ձևաչափը, շեշտել է, որ փախստականների 85 տոկոսը ներկայումս հյուրընկալվում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում հյուրընկալող երկրների սոցիալական ապահովության համակարգերի համար։
«Հետևաբար մենք մեծապես կարևորում ենք Համաշխարհային հռչակագրի այն դրույթները, որոնք առնչվում են հյուրընկալող պետությունների բեռի թեթևացմանը և փախստականների ինքնուրույնության ու կարողությունների զարգացմանը: Այս դրույթն ընկած է նաև 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և երկրի զարգացման մեր ներկայիս տեսլականի հիմքում՝ անհատական ջանքն ու պատասխանատվությունն են, որ ապահովում են առաջընթաց»,- նշել է նախարարը։
Նախարար Պապիկյանի խոսքում նշվել է նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանում հայերի էթնիկ զտումների հետևանքով տեղահանված շուրջ 400 000 փախստականների մասին, որոնք այդ ժամանակահատվածում կազմել են Հայաստանի բնակչության շուրջ 12 տոկոսը։
«Նշված բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները շարունակաբար եղել են մեր կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասել է նախարարը՝ վկայակոչելով կառավարության՝ նոյեմբերի 21-ի որոշումը, որով ապահովվում է դեռևս բնակարանային խնդիրներ ունեցող շուրջ 900 փախստական ընտանիքներից 112-ի բնակարանի խնդիրը։
Սուրեն Պապիկյանը խոսել է նաև Սիրիայից եկած 22 հազար փախստականների մասին, որով Հայաստանը դարձել է մեկ շնչի հաշվով Սիրիայից ընդունած փախստականների թվով երրորդ երկիրը եվրոպական տարածաշրջանում։
«Նրանցից շատերն այն հայերի սերունդներն են, որոնք ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով։ Մենք մեծապես գնահատում ենք Սիրիայից փախստականների ձեռնարկատիրական ձիրքը և այն սոցիալ-տնտեսական ներդրումը, որ նրանք ունենում են Հայաստանի զարգացման գործում։ Միաժամանակ կցանկանայի կոչ անել միջազգային գործընկեր կառույցներին ու պետություններին՝ ավելացնել օժանդակությունը Սիրիայից փախստականների ինտեգրման համար»,- ասել է Պապիկյանը։
Խոսքի ավարտին նախարար Պապիկյանն ավելացրել է, որ ՀՀ-ն հյուրընկալում է նաև տեղահանված անձանց Իրանից, Իրաքից, Աֆղանստանից և առավել փոքր թվերով աֆրիկյան և ասիական այլ տարածաշրջաններից՝ տրամադրելով նրանց պաշտպանություն և անվտանգ կյանք սկսելու հնարավորություններ։
Համաժողովը կազմակերպվել է 2018 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված Փախստականների համաշխարհային հռչակագրի շրջանակում։ Ֆորումը հնարավորություն կտա պետություններին՝ փախստականության խնդիրների լուծման միջազգային սկզբունքներն ավելի գործնական դարձնել և դրա ուղղությամբ ճշգրիտ քայլեր ձեռնարկել։ Քննարկումները նպատակաուղղված են ընդունող համայնքների բեռը թոթափելուն և փախստականների ինքնաբավությունը խթանելուն։